Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին:
Հրապարակման համաձայն՝ հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի նոր իշխանությունները Պանամայի փաստաթղթերի հետ կապված գործի շրջանակում կրկին ընթացք են տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ օֆշորային ընկերությունների շուրջ հետաքննությանը: Խոսքը Պանամայում գրանցված Sigtem Real Estates Inc., Hopkinten Trading Inc. և Bangio Invest S.A ընկերությունների մասին է: Հետաքննությունը սկսվել էր 2016-ի ապրիլին՝ «Հետքի» հրապարակումից հետո: Պողոսյանը ժխտել էր օֆշորային ընկերություններում բաժնեմաս ունենալու մեղադրանքը՝ չնայած փաստաթղթերում գրանցված է եղել նրա անունը, հասցեն և անգամ անձնագիրը: Պողոսյանի խոսքով՝ իր անունը սխալմամբ է հայտնվել փաստաթղթերում, և ինքը միայն օգնել է ընկերներից մեկին օֆշորային ընկերություն հիմնել: Հրապարակումից հետո Պողոսյանը հրաժարական էր տվել ԴԱՀԿ պետի պաշտոնից:
Ըստ կոնսորցիումի՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է տանում այս և փողերի հնարավոր լվացման ուղղությամբ: 2017-ի հունվարին ապացույցների բացակայության պատճառով գործը կարճվել էր: Նույն թվականի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր էր ընտրվել և շարունակել գործունեությունը ՀՀԿ-ի կազմում:
ICIJ-ին չի հաջողվել հետագա պարզաբանումների համար կապ հաստատել Պողոսյանի հետ: