Երևանի քաղաքապետարանում մամուլի ասուլիսով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
«Իհարկե, այս ընթացքում որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան, բայց կարծում եմ՝ այս 100 օրը բավականին հետաքրքիր էր»,- ասաց նա:
Երևանի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ՝ այս ժամանակահատվածում քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ, 170 շինթույլտվություն է տրվել և 22 քանդման թույլտվություն. «Այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, շատ ուրախ եմ, որ բավականին դրական շարժ ունենք: Դա նշանակում է, որ շատ շուտով Երևանում ակտիվ շինարարություն կսկսվի հատկապես բնակելի ոլորտում»,- նշեց Արթուր Մեսչյանը: Քաղաքապետարանը նպատակ ունի կյանքի կոչել ռազմավարական 2 ծրագիր՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը: «Խոսքն Աջափնյակի մետրոյի 2 կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են՝ կապված այս կառույցների հետ, մենք ուզում ենք ամենաստրատեգիական գծով՝ կապել քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ:
Խնդիրները շատ-շատ են: Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը: