ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել, որով ներկայացրել է Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցը, որի մասին Դավոսում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հունվարի 23-ին: Այդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Դավոսում հունվարի 22-ին կայացած Փաշինյան-Ալիև անսպասելի հանդիպումից մեկ օր անց:
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկկողմ հարաբերության խորացման ու ռեգիոնալ հարցեր են քննարկել, շեշտելով, որ անդրադարձ չի եղել Արցախի խնդրին: Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման մեջ նույնպես որևէ խոսք չի ասել Արցախի հարց քննարկելու մասին: Նա տեղեկացրել է, որ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ նշանակվելու կապակցությամբ, խորհրդարանի ընտրության հաղթանակի կապակցությամբ ու նշել, որ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճմանն ուղղված նրա ջանքին: