Դավոսում Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է երկկողմ ուլ բազմակողմ համագործակցության հարցեր: Նրանք անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, ՀՀ- ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Նա անդրադարձել է նաև Հայաստանի բարեփոխումներին և նշել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակներում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի կասկածները չեն հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները:
Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների գործում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով:
Պետեր Պելեգրինին տեղեկացրել է, որ նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Նա նշել է, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում:
Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ: Վարչապետ Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է: