Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է` հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական Le Figaro պարբերականը, որի լրագրողը Դավոսում հանդիպել և խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարևոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»` ասել է ՀՀ վարչապետը:
Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում: ՀՀ վարչապետը ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Նա նաև հայտնել է, որ 2019-ի հոկտեմբերին Երևանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից:
Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այլև տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: