Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հաստատել է Վեհաժողովի մոնիթորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին զեկույցը: Խորհրդարանական վեհաժողովը Մոնիթորինգային հանձնաժողովին գովել է ամբողջական մոնիթորինգային գործընթացի տակ գտնվող 10 երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա) ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների իրագործման հարցում ցուցաբերած աջակցության համար:
ԵԽԽՎ-ն ողջունել է զեկույցն ընդգրկած ժամանակահատվածում մոնիթորինգային գործընթացի տակ գտնվող մի շարք երկրներում արձանագրված դրական զարգացումներն ու առաջընթացը: Հայաստանի մասով ընդգծվել է խաղաղ իշխանափոխությունը, ինչն արվել է նոր Սահմանադրության դրույթների համաձայն:
Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն խոսել է նաև հիշյալ պետությունների վերաբերյալ իր մտահոգություններից: Հայաստանի մասով նշվել է, որ ՀՀ իշխանություններն ընտրությունների անցկացումից հետո պետք է առանցքային ոլորտներում (ընտանեկան բռնության դեմ պայքար, ընտրություններում ձայների գնման, ինչպես նաև վարչական ռեսուրսների կիրառման դեմ արդյունավետ օրենսդրության ընդունում) վերսկսեն բարեփոխումների իրականացումը:
ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն օրենքի տառի, արդարադատության անկախության և ազնիվ դատավարության սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: