«Ժողովուրդը» գրում է. «Արցախում տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները, և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը: Ասել է, թե հենց նա է փոխարինելու կուսակցությունը երկար տարիներ ղեկավարած Հրանտ Մարգարյանին։ Սակայն Մարգարյանն իր ազդեցությունը կուսակցության ներսում պահպանելու է՝ հանձին ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանի, որն էլ ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նախագահ:
Տեր-Խաչատրյանը ՀՅԴ-ում ներկայացնում է Կանադայի թևը: Նա ՀՅԴ Սփյուռքի այն ներկայացուցիչներից է, որոնք մշտապես են կողմ եղել փոփոխություններին: Տեր-Խաչատրյանը ՀՅԴ բյուրոյի մեկ այլ անդամի՝ Կիրո Մանոյանի մոտ ընկերներից է:
ՀՅԴ բյուրոյի 13 անդամներից ՀՀ քաղաքացի են միայն երեքը, այսպիսով, ՀՅԴ-ում թեև սերնդափոխություն չեղավ, սակայն եղավ որոշակի փոփոխություն, երբ կուսակցության պարսկա-լիբանանյան թևի ներկայացուցիչ համարվող Մարգարյանին փոխարինում է Կանադայի ներկայացուցիչ Տեր-Խաչատրյանը»: