ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն, և կբարձրացվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերը

Հայաստանում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն, և կբարձրացվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերը
27.01.2019 | 00:08

Հայաստանում ճանապարհային ոստիկանության բարեփոխումների շրջանակում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն և քայլեր կձեռնարկվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերի շարունակական բարձրացման ուղղությամբ:


Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին մասնակցելով ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:


«Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը:


«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան»,- նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ