ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել որևէ կուսակցություն և աջակցել՝ ուղղակի կամ անուղղակի, որևէ կուսակցության` երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ իր հետ կապ ունեցող կուսակցություն է հիմնվել։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ ստեղծված նոր քաղաքական իրավիճակում կարիք տեսնու՞մ է, որ նախագահին տրվող լիազորությունները ավելացվեն և «սուպերվարչապետական» ինստիտուտի լիազորությունները սահմանափակվեն, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին կարողանում է իր պարտականությունները կատարել այս Սահմանադրության և այս օրենքների շրջանակներում։ «Եթե փոփոխությունների կարիքը լինի, դա իմ ցանկությամբ չէ՝ հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ և նախագահական՝ նրանց երկխոսության արդյունք պետք է լինի, ոչ թե նախագահի կամ որևէ այլ գործչի ուղղակի մեկնաբանությունների,- շարունակեց Արմեն Սարգսյանը,- նորից եմ կրկնում՝ ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ և գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել և համապատասխանաբար որևէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության համար»։