Դժվար է պատասխանելը հարցին, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել բանակում, հսկողությունը կարող էր խստացվել և խստացվել է, բայց ոմանց թվում է, թե միշտ ինչ-որ մեկը պիտի սեղանին ձեռքը խփեր ու ասեր, որ այլևս այսինչը տեղի չպիտի ունենար, և քանի որ չէին անում, դրա համար տեղի էր ունենում` «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա վստահեցրեց, որ առողջության հետ խնդիրներ ունեցողների՝ Զինված ուժերում հայտնվելը նվազում է: Նույնիսկ եթե որևէ մեկը սխալմամբ զորակոչվել է, կարելի է 1-2 ամսում հոսպիտալային ծառայության վերահսկողությամբ պարզել, և եթե հաստատվեց, զորացրել նրան: Որպես դրական կողմ նա մատնացույց արեց մատակարարման ասպարեզում, հատկապես՝ հագուստի էական տարբերությունները: «Ձեռքբերումներ են եղել զենք-զինամթերքի առումով և կլինեն»,-նշեց նա: Հարցին, թե բանակում շարունակելու են կռվել 80-ականների զենքերով կամ բահերով Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Բահերով կռվելը ոչնչով չհիմնավորված պատերազմային միֆերից է, ցավոք, դրանցից մենք էլ չխուսափեցինք: 80-ականների զենքով մենք էլ, ամբողջ աշխարհն էլ շարունակելու է կռվել մինչև 2050-ականները, քանի որ այդ զենքերը հիմնական զինանոցի դոմինանտն են մնալու ամբողջ աշխարհում»:
Հարցին, թե պատերազմի վտանգ կա, նա արձագանքեց. «Պատերազմի վտանգ միշտ կա, բայց այնպես չէ, որ ասեմ՝ այսօր ավելի շատ է, քան մի շաբաթ առաջ էր, բայց հիմա ավելի քիչ են կրակոցները, քան հունիս-հուլիսին նախորդած ամիսներին էր, բայց քանի որ հակառակորդը զինվում է, չի հերքում իր մտադրությունները, կարող եմ ասել, որ հավանականությունը նույնքան է»: