ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի` այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
«Այսօր 300 մլն եվրոյի ծրագրեր իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»: Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի ոլորտում», - ասաց Յոհաննես Հանը:
Հարցին՝ Հայաստանում 2018-ի իրադարձություններն ազդել են ֆինանսական օժանդակությունն ավելացնելու որոշման վրա, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն արձագանքեց. «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019-ին: Ես հանդգնում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար», - ասաց Յոհաննես Հանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում դրական տրամադրվածությունը որն արտացոլվում ու ազդում է նաև ներդրումային միջավայրի վրա: