Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում՝ այդ թվում նաև Ռուսաստանից` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաընկերությանը հարցազրույցում:
«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազը կամ նավթը Ա կետից Բ կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանում գազի հավանական թանկացման մասին լուրերին: «Սա ԵԱՏՄ տարածքում բավականին զգայուն հարցերից մեկն է, կա պայմանավորվածություն, որ համենայն դեպս 2019 թվականին հայաստանցի սպառողների համար գազի գինը չի փոխվի, և այս տարվա ընթացքում մենք շարունակելու ենք քննարկումները գազի գնի շուրջ համաձայնության գալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Լրագրողի հարցին, թե դա նշանակում է, որ մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը կարող է բարձրանալ՝ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ կլինի գնի իջեցում»: