Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յիլդիրիմը հրաժարական կտա Ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար: «Սաբահին» հարցազրույցում:
նա բացատրել է, որ խորհրդարանի գործող նախագահի՝ ընտրություններին մասնակցելու դեպքում ներկա պաշտոնին մնալ-չմնալու հարցը Սահմանադրությամբ հստակեցված չէ, որ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել Թուրքիայում: Իրավաբանների մի մասը պնդում է, որ որևէ խնդիր չկա, մի մասն էլ նշում է, որ հրաժարական ներկայացնելն իրավական տեսանկյունից ավելի ճիշտ է:
«Ինչևէ, ես չեմ ուզում մեր քաղաքացիներին ծանրաբեռնել իմ հրաժարականի մասին խոսակցություններով: Այստեղից առաջին անգամ հայտարարում եմ. հենց կուսակցությունն ավարտի թեկնածությանս հաստատման հետ կապված փաստաթղթերի ներկայացման գործընթացը՝ հրաժարական կտամ»,- ասել է Բինալի Յիլդիրիմը: Նա նշել է, որ քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու առաջարկն ընդունել է առանց վարանելու և չի զղջում, որ դրա համար ստիպված է թողնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը: «Եթե ինչ-որ տեղ ձեր կարիքը զգացել են, իրավունք չունեք ասել «չեմ ընդունում»: Նման ճոխություն չեք կարող ձեզ թույլ տալ: Պաշտոնը մեծ ու փոքր չի լինում, եղել եմ պատգամավոր, նախարար, նախարարությունից դուրս եկա, կրկին շարունակեցի աշխատել, հետո նորից նախարար դարձա, երեք անգամ հեռացել եմ նախարարությունից և չորս անգամ վերադարձել: Հետո ինձ վիճակվեց վարչապետի պաշտոնը, կուսակցությունն ու մեր հարգելի նախագահն այդպես հարմար գտան, վարչապետի պաշտոնը ստանձնեցի: Հիմա էլ կարիք զգացվեց, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը ստանձնեմ, դա էլ սիրով ընդունել եմ», - ասել է Յիլդիրիմը՝ հավելելով, որ Ստամբուլին ծառայելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի: «Ստամբուլն այն քաղաքն է, ուր անցել է իմ գրեթե ամբողջ կյանքը: 12 տարեկանում եմ այստեղ եկել, մինչև 12 տարեկանը մեր գյուղում եմ եղել, հետո մշտապես Ստամբուլում է կյանքս անցել: Չնայած, որ վերջին 16 տարիներին Անկարայում եմ, էլի մի ոտքս Ստամբուլում է: Այստեղ է անցել երիտասարդությունս, այստեղ եմ մասնագիտություն, աշխատանք ձեռք բերել, երեխաների ու թոռան տեր դարձել: Այնպես որ, Ստամբուլին ծառայելը մեծ պատիվ է ինձ համար», - ասել է Բինալի Յիլդիրիմը: