Այս տարի Գաղափարների գիշերը միջազգային միջոցառումը կանցկացվի նաև Հայաստանում հունվարի 31-ին ժամը 20:00-ից Երևանի Թումո կենտրոնում: Մուտքն ազատ է: Լինելու է միաժամանակյա թարգմանություն: Միջազգային այս իրադարձության հայաստանյան միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: 2016-ից, Ֆրանսիական ինստիտուտն ամեն տարի հունվարի վերջին հինգշաբթի օրը հրավիրում է Ֆրանսիայում և աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող բոլոր մշակութային օջախներին, միասին տոնելու գաղափարների և գիտելիքների ազատ փոխանակումը, երեկոյի ընթացքում առաջարկելով կոնֆերանսներ, հանդիպումներ, ֆորումներ և կլոր սեղաններ, ֆիլմերի ցուցադրություն և գեղարվեստական ելույթներ մեկ ընդհանուր թեմայի շուրջ, որ յուրաքանչյուր վայրում ներկայացվում է յուրովի: Տոնել գաղափարների փոխանակումը երկրների և մշակույթների, ոլորտների և սերունդների միջև. ամեն տարի Գաղափարների գիշերը հրավեր է՝ բացահայտելու գիտելիքների արդի վիճակը, լսելու նրանց, ովքեր առաջ են մղում գաղափարները բոլոր ոլորտներում, մտքեր փոխանակելու մեր ժամանակի ամենախոշոր մարտահրավերների շուրջ:
2019-ի Գաղափարների գիշերվա թեման է «Ներկային դեմ հանդիման»: Միջոցառումը անց է կացվում ողջ աշխարհում միևնույն օրը՝ 2019թ. հունվարի 31-ին: Աշխարհի բոլոր ծայրերից մտավորականներ, հետազոտողներ, արվեստագետներ հավաքվելու են քննարկումների հինգ մայրցամաքներում՝ Դակարից միչև Լոս Անջելես, անցնելով Բրյուսելով, Բուենոս Այրեսով, Կատմանդուով, Փարիզով և Երևանով: