«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ երեկվա հանդիպմանը քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի թեման, ողջունեցինք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ցանկություն հայտնեցինք, որ այդ հանդիպումները շարունակվեն: Այդ ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները: Առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն, ինչպես ես եմ հասկանում՝ և նախարարների, և առաջնորդների մակարդակով:
Հանդիպումները պետք է լավ նախապատրաստվեն, որպեսզի բովանդակալից լինեն, իրական արդյունքներ ունենան և առաջընթաց արձանագրեն: Բայց այս պահին չափազանց կարևոր է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ միջազգային իրադրությունը լինի կանխատեսելի ու հանգիստ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին բնորոշ է այդ հանգստությունը, իրադրության համեմատաբար կանխատեսելիությունը: Պետք է շարունակել այդ ոգով, - նշեց Կարասինը:- Այդ առումով միջազգային հանրությունն ունի կոնսենսուս․ բոլոր մասնակիցները, եռանախագահներ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ բոլորը համակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կատեգորիկ բացառվեն: Իսկ ահա բանակցությունների անցկացումը, քայլերի հաջորդականությունը, արդյունքը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համար, այդ թեման շատ արդիական է, բայց հարցը պետք է քննարկվի հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: Հարցին, թե հնարավոր է, որ այս տարի «ճեղքում» արձանագրվի բանակցություններում, Կարասինը պատասխանեց․ «Շատ բարդ հարց է դա: Իհարկե, բոլորը կուզենային, որ այս խնդրի լուծման հարցում արագ առաջընթաց արձանագրվեր, բայց պետք է իրատես լինել և հենվել առողջ բանականության և այն բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահների օգնությամբ»:
Կարասինն այսօր ասաց, որ Զոհրաբ Մնացականյանի հետ երեկ՝ օրվա գրեթե կեսը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ: Ըստ Կարասինի, «կարևոր է կանխատեսելիությունը, երկու կողմն էլ դա շատ լավ հասկանում են»: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ է գումարվելու՝ առևտրա-տնտեսական հարցերի շուրջ:
Այսօր Երևանում՝ Հայ-ռուսական համալսարանի այգում Կարասինը մասնակցեց ռուս դիվանագետ և բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: