«Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել», - նշում է Ադրբեջանի «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևը` փորձելով վեր հանել ադրբեջանական հանրության շրջանում դժգոհությունների աճի պատճառները:
«Թուրան» գործակալության ռուսալեզու Contact.az կայքում հրապարակած հոդվածում Մեհման Ալիևը պնդում է, որ Ալիևի վարչակազմը հիմնարար ճգնաժամի մեջ է: Պատճառները մի քանիսն են` տնտեսական ծանր կացությունը, տեղեկատվական հոսքերի առատությունը և ներիշխանական պայքարը:
«Անկասկած է, որ դժգոհությունների աճի հիմնական խթանը դարձավ Ադրբեջանում անհիմն ձգձգված սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի շուտափույթ հաղթահարման բնակչության հույսերն այդպես էլ չարդարացան», - նշում է Մեհման Ալիևը` թվերեվ ապացուցելով, որ 2015-ից ի Ադրբեջանի տնտեսությունը բավական ծանր վիճակում է գտնվում: «Ազգաբնակչության գրեթե բոլոր խմբերի կենսամակարդակի անկումը շարունակվում է: Միջին աշխատավարձը 542 ԱՄՆ դոլարից նվազել է 224 դոլարի: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են 40 տոկոսով, մանաթն արժեզրկվել է երկու անգամ, երկիրը մեծապես կախված է տարատեսակ ապրանքների ներկրումից: Կաթի ներկրումը Ադրբեջան աճել է 2, մսինը` 4 անգամ, - գրում է «Թուրան»-ի տնօրենը: - Ճգնաժամի մյուս պատճառը համացանցի հասանելիությունն է, որ զրոյացնում է պետական քարոզչության ջանքերը»։ Ադրբեջանում համացանցը հասանելի է 8 միլիոն մարդու համար, նրանցից 3 միլիոնը ներկայացված են սոցիալական ցանցերում: Այս պայմաններում համացանցը զարգանում է իշխանությունների սահմանափակ վերահսկողության պայմաններում` տեղեկատվության տարածման տեմպերով առաջ անցնելով հեռուստատեսությունից և տպագիր մամուլից:
«Նման իրավիճակում պետական քարոզչական մեքենան տեղեկատվական հասարակությանը հակադարձելու սահմանափակ հնարավորություններ ունի: Կառավարամետ տեղեկատվության հանդեպ վստահությունն ուղղակի կապ ունի իշխանության հանդեպ վստահությանը, որը, սակայն, օրեցօր հալչում է», - նշում է Մեհման Ալիևը: Լրագրողի պնդմամբ, Ադրբեջանում ճգնաժամն էլ ավելի է խորանում իշխանության ներսում կլանների պայքարի պատճառով: «Վերջին միտումները վկայում են, որ իշխանությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ չինովնիկական օլիգարխիան գնալով թուլանում է», - պնդում է «Թուրան» գործակալության տնօրենը` համոզմունք հայտնելով, որ վերը նշված գործոններն` «իրական քաղաքական գործընթացի գլխավոր բաղադրիչներն են, դրանք կարող են հանգեցնել հեղափոխական հետևանքների»: