Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց Քյոլնում: Այսօր նա ելույթ է ունենալու Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանելու է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին, վարչապետին ընդունելու է Քյոլնի քաղաքապետը, օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, Գերմանիայում բնակվող հայերը վարչապետին հարցեր ուղղելու հնարավորություն կունենան:
Վաղը Բեռլինում տեղի կունենան պաշտոնական հանդիպումները. իր նստավայրում Հայաստանի վարչապետին ընդունելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկու երկրների ղեկավարները ճաշի շուրջ քննարկում կանցկացնեն, բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես են գալու մամուլի ասուլիսով: Բեռլինում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի նախագահի և Բունդեստագի խոսնակի հետ, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Նախատեսված է Հայաստանի վարչապետի հանդիպումը գերմանացի գործարարների հետ։ Երկօրյա այցի արդյունքները Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է տեղական հեղինակավոր լրատվամիջոցների հետ զրույցում: