Վաղը Թեհրանում կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների «Կորած պատմության հուշը» ցուցահանդեսը: Haber Türk-ի հաղորդմամբ՝ Ara Güler Universal նախագծի շրջանակում իրանական Nabshi մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ծնվել է ցուցադրության գաղափարը, որի ընթացքում Գյուլերի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու 160 լուսանկար: Հատուկ պատրաստված թեմատիկ սրահներում կներկայացվեն Արա Գյուլերի մասին տեսանյութեր, նրա հարցազրույցները, նրան գրված նամակները, Պիկասոյի՝ Գյուլերի համար արված նկարի կրկնօրինակը: Սրահներից մեկն էլ ձևավորվել է ստամբուլյան կոլորիտով՝ վերստեղծելով «Արա» սրճարանի միջավայրը, որտեղ հաճախ կարելի էր տեսնել արվեստագետին:
Ցուցահանդեսի բացմանը տեղի կունենա ռեժիսոր Ջոշքուն Արալի՝ Արա Գյուլերի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող «Այս աշխարհը այսպիսի աշխարհ է» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Շուրջ երեք տարվա աշխատանքի արդյունքում կյանքի կոչված Ara Güler Universal նախագծի հեղինակները պատրաստվում են այս ցուցահանդեսը տանել աշխարհի տարբեր քաղաքներ: