Ադրբեջանում ընդդիմությունը կրկին բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով իշխանության հրաժարականը: Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հավաքվել է Նովխանի գյուղում՝ նշելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի տարեդարձը:
Ելույթ ունենալով վերջինիս ծննդավայրում, ընդդիմության առաջնորդներից Ջամիլ Հասանլին պնդել է՝ ի տարբերություն առաջին հանրապետության պաշտոնյաների, ներկա վարչակազմը խրված է կոռուպցիայի մեջ, թալանում է ազգային հարստությունն ու ոտնահարում մարդկանց իրավունքները: Ցույցի ընթացքում, ըստ «Թուրան» գործակալության, գյուղի էլեկտրամատակարարումը, անհայտ պատճառներով, պարբերաբար ընդհատվել է: