Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքներից։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նա հայտարարեց. «Կարող ենք արձանագրել, որ այս պահին գոնե ես բավարարված եմ մեր բանակցությունների արդյունքներից, և կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր թափ հաղորդելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ քննարկել են երկկողմ հարցերին վերաբերող լայն շրջանակ, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման։ «Արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանում և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան», - ասաց Փաշինյանը։ Խոսել են նաև տարածաշրջանային խնդիրներից. «Ըստ էության խոսեցինք նաև տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերից, և ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում։ Իհարկե մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը չափազանց կարևոր են, բայց նաև կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունը և կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք։ Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է լինի գործընթացը երկկողմանի և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: