Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակներին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա նշեց, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ավելի ինտենսիվ կդառնան ժողովրդավարական ընտրություններից հետո։ «Շատ ուրախ ենք Հայաստանին աջակցել։ Մենք ունենք լավ հնարավորություն՝ այս հարաբերություններն ավելի զարգացնելու՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու միջոցով», - նշեց Անգելա Մերկելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ «Ես չեմ կարծում, որ մենք որևէ խոչընդոտներ կունենանք, որևէ կասկած չկա, որ զարգացումները կշարունակվեն», - ասաց ՀՀ վարչապետը։ Նա ընդգծեց՝ գնդակը ՀՀ կառավարության դաշտում է, ու պետք է առավել արդյունավետ իրականացնեն բարեփոխումները: