ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը

Երևանն ու Իլ դը Ֆրանսը խորացնում են համագործակցությունը
02.02.2019 | 17:04

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան:


Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների այցը կնպաստի խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: «Երևանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրված ճանապարհային քարտեզը գործակցության լայն շրջանակ է ներառում: Մեզ համար այսօր առաջնահերթ խնդիրներն են տրանսպորտի բարեփոխումները, աղբահանությունը, այդ թվում նոր աղբավայրի կառուցումը, քաղաքաշինական որոշ հարցեր: Գիտեմ, որ այս կարճ ժամանակահատվածում հասցրել եք որոշ չափով ծանոթանալ Երևանի հիմնախնդիրներին և քաղաքային իշխանության ծրագրերին: Համագործակցությունն առավել առարկայական դարձնելու համար կցանկանայի ծանոթանալ փորձագիտական գնահատականներին»,-ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման և գործնական զրույցի համար՝ պատվիրակության անդամները նկատել են, որ այն ցույց է տալիս համագործակցության նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը: Անդրադառնալով աղբահանությանը՝ հյուրերը նշել են, որ, չնայած գոյություն ունեցող խնդիրներին, քաղաքն իր մաքրությամբ հասցրել է զարմացնել: Քաղաքաշինության ոլորտում մատնանշվել է օրենսդրական լրացուցիչ կարգավորումների և նոր մոտեցումներով գլխավոր հատակագիծ ունենալու անհրաժեշտությունը: Ֆրանսիացի փորձագետներն առաջարկել են նաև ներդնել քաղաքային խնդիրները, ռազմավարությունն ու լուծումներն արտացոլող ընդհանուր համակարգ:


Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ծրագրված է տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծում: Քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ այցի արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի փոխգործակցությունն առավել առարկայական դարձնել:
Պատվիրակության անդամները փաստել են, որ աշխատաոճերի համադրությամբ հնարավոր է էական արդյունքներ ունենալ: Ֆրանսիական կողմը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կներկայացնի իր առաջարկներն ու մեթոդները: Առաջիկայում կսահմանվի համագործակցության քայլերի հաջորդականությունն ու կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ