ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վլադիմիր Կարապետյանը՝ Արցախի հիմնախնդրի և վարչապետի՝ Գերմանիա այցի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ Արցախի հիմնախնդրի և վարչապետի՝ Գերմանիա այցի մասին
03.02.2019 | 13:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա այցը հագեցած օրակարգ ուներ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա հատկապես կարևորեց քաղաքական ու տնտեսական երկխոսությունը պետության ղեկավարների միջև, անդրադարձավ Արցախի հիմնախնդրին` նշելով, որ ՀՀ-ն իր մասով չի կարող հրաժարվել բանակցություններից և դրանք միայն խոսակցություններ են. «Շատ կարևոր են թե քաղաքական երկխոսությունը Գերմանիայի ղեկավարության հետ, թե տնտեսական և գիտական ոլորտի մասնագետների հետ քննարկումները, որոնք կարող են շատ կարևոր հետևանքներ ունենալ թե Հայաստանի, թե երկկողմ հարաբերություններ զարգացման համար»,- ասաց նա։ Կարապետյանի խոսքով՝ Քյոլնի քաղաքապատարանում հայկական պատվիրակությունը բավականին ջերմ ընդունելության է արժանացել։ Մամուլի խոսնակը մանրամասնեց, որ հանդիպումների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մշակութային ժառանգության պահպանության հարցում համագործակցություն կլինի Գյումրիի և Քյոլնի միջև։


«Վերջին հանդիպումը Քյոլնում հայկական համայնքի հետ շատ ոգևորիչ էր, մոտ 700 մարդ էր հավաքվել եկեղեցում։ Հենց այնտեղ էր, որ առաջին անգամ վարչապետը, պատասխանելով հարցին, ասաց, որ այս կառավարությունը նրա համար է, որ բոլորին ասեն, թե պետք չէ ինչ-որ զարտուղի ճանապարհներ գտնել, որպեսզի հայտնվենք Եվրոպայում։ Նա ասաց, որ ուզում են այնպիսի երկիր կառուցել, որ բոլորն, ովքեր իրենց կապում են Հայաստանի մշակութային ժառանգության հետ, անպայման վերադառնան։ Կարող եմ ասել, որ 700 հավաքվածները ոգևորվեցին ու ծափողջյուններով ընդունեցին այդ հայտարարությունը»,- մանրամասնեց Կարապետյանը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բավականին կոնկրետ զրույց են ունեցել տարբեր խնդիրների շուրջ՝ թե տնտեսական, թե քաղաքական ոլորտների հետ կապված։ Գերմանական կողմի ներկայացուցիչներից գրեթե բոլորը հարցրել են, թե ինչով կարող են աջակցել նոր ժողովրդավարությանը։ «Պարոն վարչապետը հատուկ ասաց, որ մենք տեսնում ենք հնարավորություն, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ -ին օգտակար լինի ԵՄ երկրների հետ մեր համագործակցության համար, և մենք չեն ուզում, որ հակասություն լինի, որը նաև չկա։ Խորացված քննարկում եղավ նաև տարածաշրջանային խնդիրների հետ կապված»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը։


Վարչապետի մամուլի խոսնակի խոսքով՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկվել են գլոբալ խնդիրներ: Նախագահի հետաքրքրությունները հիմնականում կապված են խաղաղության, տարածաշրջանային զարգացումների հետ, հիմնական շեշտադրումներն էլ հենց այդ խնդիրների շուրջ էին: Հարցին` այցի ընթացքում շատ է խոսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, իսկ Մերկելն էլ Փաշինյանի քայլերը որակեց որպես «խիզախ», ի՞նչ էր դա նշանակում, Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց. «Զրույցի ժամանակ խոսք գնաց այն հայտարարության մասին, որ Երևանում արել էր վարչապետը` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներից մեկից հետո, երբ ասել էր, որ Ալիևին կիրթ գործընկեր է համարում, նաև խոսել էր, որ հակամարտության կարգավորման մեր տեսլականն այնպիսին է, որ պետք է բավարարի բոլորի շահերը, չի կարող մի կողմի հաշվին կարգավորվել, նշել էր, որ կողմերը Հայաստանն է, հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, նաև Ադրբեջանի ժողովուրդը, որը ևս պետք է բավարարված լինի այն վերջնական փաստաթղթով, որը կազդարարի հակամարտության կարգավորումը: Կարծում եմ, որ նման բան լսելուց հետո՝ հասկանալով, որ մենք, ավաղ, չենք լսել նման գնահատական Ադրբեջանի կողմից, թե իրենք ինչ տեսլական ունեն, իրենք ևս մտածում են, որ հարցը պետք է կարգավորել բոլոր կողմերի շահը բավարարելով, ըստ իս` հենց դա է պատճառը, որ նա խիզախ համարեց վարչապետի խոսքերը»:


Հարցին, թե կա՞ տարբերակ, որը թույլ կտա հարցը կարգավորել՝ բոլոր կողմերին բավարարելով, առանց խոշոր կորուստների` այն դեպքում, երբ շատ է քննարկվում «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ թեման, առնվազն ինձ համար, փակված է, որովհետև դրա մասին ասել է վարչապետը, դուք կարող եք շարունակել հարցնել, այդ բանաձևը կարող է արծարծվել, բայց ես դա կարող եմ դիտարկել որպես տարբերակներից մեկը, որն այսօրվա իրականության հետ որևէ կապ չունի: Քանի որ բանակցությունները, որպես այդպիսին, չեն սկսել, և վարչապետը հայտարարել է, որ հանդիպումները, որ տեղի ունեցան, շփում էր` ավելի մոտիկից իրար ճանաչելու, գուցե նաև անդրադարձ` պատմության բանակցային գործընթացի, բայց առարկայական փաստաթղթի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել, հետևաբար ես չգիտեմ՝ կա՞ այդպիսի տարբերակ, թե ոչ: Դե հիմա մենք ասում ենք, որ կարգավորումը բավարարում է բոլոր կողմերին, դե թող Ադրբեջանն էլ ասի, որ ինքը ոչ թե ուզում է մեկի հաշվին կարգավորել այս հակամարտությունը, այլ իսկապես մտադիր է այլ ճանապարհներով գնալ հարցի կարգավորմանը: Դա կողմերի ճշգրտման պրոցեսն է»:


Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ ամենախորքային շփումներն ԱԳ նախարարի մակարդակով են տեղի ունենում․«Իմ տպավորությունն այնպիսին է, որ այսօր դեռևս այն վիճակում չենք, որ առարկայական քննարկում տեղի ունենա բարձր մակարդակում, բայց դա իմ տպավորությունն է, ես չեմ մասնակցել հանդիպումներին»,-հավելեց նա: Կարապետյանը գտնում է, որ ՀՀ-ն իր մասով ունի պատասխանատվություն ու այդ չափն իրագործելու է այն մասով, ինչքան Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ ունի մանդատ ժողովրդի կողմից: Հարցին, այսինքն՝ սխա՞լ են մեկնաբանությունները, որ ՀՀ-ն ընդհանրապես չի մասնակցելու բանակցություններին, նա պատասխանեց. «Ինչպե՞ս այդպիսի բան կարող է լինել, մենք չենք կարող հրաժարվել մեր մասով բանակցություններից»:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ