Ֆրանցիսկոս պապն՝ Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ:
Հանդիպմանը մասնակցել են Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանը, ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը և Էմիրությունների այլ պաշտոնատարներ: Հանդիպման ընթացքում ԱՄԷ-ի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հռոմի պապի այցը կնպաստի «երկխոսության ու մարդկային եղբայրության, գոյակցության, համագործակցության և բոլոր ժողովուրդների միջև հարգանքի արժեքների ամրապնդմանը»:
Երկուշաբթի ծրագրված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի հանդիպումն Ալ Ազհար իսլամական համալսարանի ղեկավար շեյխ Ահմադ աթ Թեյիբի և մահմեդական այլ կրոնական գործիչների հետ: Հանդիպումը կկայանա Աբու Դաբիում կազմակերպված Մարդկային եղբայրությանը նվիրված գլոբալ խորհրդաժողովի շրջանակներում, որին կրոնական ու հասարակական ղեկավարներ են հրավիրված ամբողջ աշխարհից:
ԱՄԷ Ֆրանցիսկոս պապի այցը կավարտվի երեքշաբթի Աբու Դաբիի «Zayed Sports City Stadium» մարզադաշտում պատարագի մատուցմամբ, որին ներկա կլինի մոտ 135 հազար մարդ: ԱՄԷ-ում 2019-ը հայտարարված է Հանդուրժողության տարի: