Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին` տեղեկացնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը: Հանդիպմանը ներկա են եղել Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պոլսի պատրիարքական ընտրության հարցը: «Ժամանակը» կարևորել է հանդիպումը և նշել, որ Խաժակ Սրբազանը և Էջմիածնի ներկայացուցիչը Անկարա էին ժամանել իբրև Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ուղարկված պատվիրակություն: