Փետրվարի 2-ին ԱԺ «Իմ քայլը» դաշինքն անցկացրել է դռնփակ նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետն ու մի շարք մարզպետներ: Հաշվի առնելով այս իրադարձության հանրային հնչեղությունն ու հանրային հետաքրքրությունը, ԶԼՄ-ները փորձել են լուսաբանել: Սակայն նրանց նախաձեռնությունը տապալվել է, քանի որ, որպես պատճառ բերելով հանգամանքը, թե օրը ոչ աշխատանքային է, ինչպես նաև այն, որ «Իմ քայլը» դաշինքը լրատվամիջոցներին չի հրավիրել լուսաբանել հանդիպումը, ԶԼՄ-ների ներկայացուցիչները հայտնվել են նվաստացուցիչ պայմաններում՝ ԱԺ-ի անցակետում ժամերով սպասելով պարզաբանումների:
Հաշվի առնելով իշխանական ուժը ներկայացնող առանձին պատգամավորների պնդումները, թե միջադեպն ուղղված չէր մամուլի ազատության դեմ և խնդիրը եղել է զուտ տեխնիկական, այսուհանդերձ պնդում ենք, որ տեղի ունեցածը վատ նախադեպ կարող է դառնալ և վտանգում է տեղեկատվություն ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքը:
Հաշվի առնելով նշվածը, մենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին կոչ ենք անում խուսափել նման սխալներից, հորդորում ենք փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում՝ խորհրդարանի աշխատանքները լրատվամիջոցների համար ամբողջությամբ բաց և թափանցիկ դարձնելու նպատակով:
Սրան զուգահեռ, մենք խոր մտահոգությունն ենք հայտնում սոցիալական ցանցերում վերջերս սկիզբ առած՝ որոշ լրատվամիջոցների դեմ սկսված արշավի կապակցությամբ: Գտնում ենք, որ նման ցանկացած նախաձեռնություն ուղղակիորեն վտանգում է խոսքի, կարծիք և տեսակետ ունենալու ազատությունը:
Միաժամանակ` մենք կիսում ենք մտահոգությունը, որ լրատվամիջոցների մի մասը, շարժվելով քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ շահերից, գերադասում է հասարակությանը տրամադրել տեղեկատվություն, որը չի համապատասխանում լրագրողական էթիկայի, լրատվամիջոցի անաչառության և համակողմանիության սկզբունքներին: Այսուհանդերձ, պնդում ենք, որ այս և ցանկացած այլ խնդիր պետք է դիտարկվի միայն ու բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում: Հակառակ դեպքում, մենք տեղի ունեցողը կարող ենք և կդիտարկենք որպես հարձակում խոսքի ազատության վրա ու կմեկնաբանենք որպես մամուլի ազատությունը ճնշելու փորձ: