Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: The Times of Israel-ը հիշեցնում է, որ ՊՆ 2017-ին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում և ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել: Խոսքը մինչև 2 կգ քաշով պայթուցիկ կրելու հնարավորությամբ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուի մասին է, որն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների առջև ցուցադրական թռիչքի ժամանակ Ադրբեջանի պահանջով որպես հարձակման թիրախ էր ընտրել հայկական ուժերը: Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ամռանը: Իսրայելի ՊՆ-ից հայտնել էին, որ թույլ չեն տա Aeronautics-ին անօդաչուները տրամադրել «գլխավոր A պատվիրատուին»՝ Բաքվին, դեպքի առնչությամբ հետաքննություն էր սկսվել:
Փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:
«ՊՆ-ն հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին»,-նշված է Aeronautics-ի հայտարարությունում:
Իսրայելական կողմի որոշմանն արձագանքել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը՝ դատապարտելով հայերի նկատմամբ «մահպարտ» անօդաչուների հարձակումների համար «կանաչ լույս» վառելու որոշումը: ANCA-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Իսրայելն ընկերությանը թույլ է տալիս ԱԹՍ-ների ապօրինի փորձարկումներ իրականացնել Արցախի դեմ: