Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայկական դիրքերի ուղղությամբ մահաբեր թռչող սարքեր փորձարկելու մեջ մեղադրվող ընկերությանը կրկին թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հայտարարեց, որ այս հարցը բարձրաձայնելու են երկկողմ հանդիպումների ժամանակ՝ հավելելով, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքի հարցը Հայաստանի ուշադրության կենտրոնում է․«Պետք է ուղղակի ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես հղենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է»:
Իսրայելցի իրավապահները քրեական հետաքննություն են սկսել անօդաչու թռչող սարք արտադրող իսրայելական այն ընկերության դեմ, որը, իսրայելական մամուլի հաղորդմամբ, 2017-ին, ադրբեջանական կողմի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ:
«Հարձակման հետևանքով երեք հայ զինծառայող մարմնական վնասվածքներ էր ստացել», - գրել էր The Times of Israel-ը: Երեկ նույն պարբերականը գրել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics Defense Systems ընկերությանը կրկին թույլատրել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառել:
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ վարչապետի Իրան այցը նախատեված է փետրվարի 27-ին: Օրակարգի մանրամասները դեռ չեն հրապարկվում, միայն հայտարարվում է որ որ հարցերի լայն շրջանակ է քննարկվելու: «Այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին», - նշեց Աննա Նաղդալյանը:
Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր կառավարությունը ընդհանրապես չի կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը։ Փաշինյանի հայտարարությանը մեկ օր անց անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն` հայտարարելով․ «Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:
«Հայաստանը բազմիցս է ներկայացրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները՝ բացարձակապես խաղաղ, բացարձակապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովությունը այս գործընթացում գերակա առաջնահերթություն են Հայաստանի համար», - այս առնչությամբ ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կայանալու է փետրվարի 16-18-ը: Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը և Հայաստանի ԱԳՆ-ից չեն բացառում, որ կլինի հանդիպում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: «Երբ լինում է երկուսի միջև հանդիպման անցկացման համաձայնություն, մենք համակարգված ձևով մշտապես հայտարարում ենք դրա մասին, - հավելեց Նաղդալյանը:- Համակարգված ձևը նշանակում է, որ դա արվում է նույն ժամին և նույն օրը»: