Մեզ համար շատ ցավալի է, որ Սփյուռքի նախարարությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը, որովհետև երբ Հայաստանում նման նախարարություն ստեղծվեց, այդ փաստը շատ մեծ ուրախությամբ ընդունեցինք։ Մենք մտածեցինք, որ շատ կարևոր գործ է կատարվել, քանի որ Սփյուռքի նախարարությունը Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող կառույց է` ասել է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» պարբերականի խմբագիր Ռոբեր Հատտեճյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի սփյուռքի հետ հարաբերություններին։ «Այս տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը բավականին կարևոր աշխատանք կատարեց։ Իհարկե, կարելի էր ավելին անել, սակայն պայմանները, թերևս, թույլ չտվեցին։ Ես շատ համոզիչ չեմ համարում գործող իշխանությունների հայտարարությունը, որ Սփյուռքի հարցերով զբաղվելու պարտականությունը կբաժանվի բոլոր մյուս նախարարությունների վրա։ Անձնապես շատ կցանկանայի, որ Սփյուքի նախարարությունը շարունակեր գործունեություն ծավալեր, ավելին՝ այդ գերատեսչությանն առավել մեծ կարևորություն տրվեր»,- ասաց Ռոբեր Հատտեճյանը:
Նրա համոզմամբ, սփյուռքի հետ կապը առաջնային կարևորության հարց պետք է լինի, քանի որ հայ իրականության համար սփյուռքը շատ կարևոր է։ «Սփյուռքի և Հայաստանի միջև ամուր կամուրջը կարող է լինել հենց Սփյուռքի նախարարությունը»,- ասաց Ռոբեր Հատտեճյանը։ Հարցին՝ անհրաժեշտ համարո՞ւմ է, որ նախարարության կրճատման նախաձեռնությունից առաջ իշխանությունները խորհրդակցեին և հարցի շուրջ կարծիքներ լսեին նաև սփյուռքից, «Մարմարա» թերթի խմբագիրը պատասխանեց՝ նման քննարկումներ անշուշտ պետք է լինեին։ «Հայաստանում սփյուռքին հետևելու դժվարություն կա, և այդ պարտականությամբ պետք է հատուկ մարմին զբաղվի։ Ինձ ծանոթ սփյուռքահայ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները ցավ են հայտնում, որ նախարարությունը կարող է կրճատվել»,- ամփոփեց սփյուռքահայ խմբագիրը։