«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Պոլսո հայ համայնքը պատրիարքական ընտրության հարցի լուծման համար պետք է «մի քիչ էլ համբերի»:
Հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը, ներկա են եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Խաժակ Սրբազանը «Ակօս»-ի հետ զրույցում նշելով, որ հանդիպման գաղափարը Ամենայն Հայոց կաթողիկոսինն է եղել՝ շեշտել է, որ նախաձեռնության նպատակը ոչ թե հարցին միջամտելն է, այլ լուծմանը նպաստելը:
Արք. Պարսամյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կազմակերպվել նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումը․«Վեհափառը ցանկացավ, որպեսզի ես թուրքական կողմին ներկայացնեմ այս հարցի շուրջ իր տեսակետը: Հռոմում գտնվելիս այցելեցի Թուրքիայի դեսպանին և փոխանցեցի թուրք ԱԳ նախարարի հետ հանդիպելու ցանկությունը: Դեսպանն էլ շատ դրական արձագանքեց և ասաց, որ կփոխանցի նախարարին: Այնուհետև ինձ զանգահարեց և հայտնեց, որ նախարարը հանդիպման օր է նշանակել: Ես էլ այս զարգացումների մասին տեղեկացրեցի կաթողիկոս Գարեգին Բ-ին»: Ամփոփելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու հետ մեկ ժամ տևած հանդիպումը՝ արք. Պարսամյանը նշել է. «Նախարարը մեզ շատ ջերմ ընդունեց, ես էլ շատ հստակ ներկայացրեցի մեր նպատակը, այն է՝ ոչ թե դրսից միջամտել գործընթացին, այլ ներկայացնել մեր մտահոգությունները, և եթե ինչ-որ կերպ կարող ենք աջակցել, պատրաստ ենք մեր ներդրումը ունենալ: Նախարարն էլ նշեց, որ սա ներքին հարց է, պետությունն էլ է ուզում պատրիարքական ընտրություններ, սակայն պետք է մի քիչ էլ համբերել: Զգացի, որ նրա խոսքերը անկեղծ են»: Խաժակ Սրբազանը հավելեց, որ իր տպավորությամբ պետությունը ցանկանում է, որպեսզի այս գործընթացը հնարավորինս խաղաղ անցնի և ներհամայնքային լարվածություն չառաջանա: