Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքական լրատվամիջոցները «սկանդալային» են որակել Մակրոնի որոշումը և չակերտների մեջ օգտագործել ցեղասպանություն բառը:
Առաջինը լուրը հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը Մակրոնի նախընտրական խոստումներից է եղել: Լրատվամիջոցը թվարկել է եվրոպական երկրներին, որ ընդունել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914- 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր:
Թուրքական ընդդիմադիր և ազգայնական «Սյոզջու» պարբերականը կիրառել է թուրքական մամուլում մեծ տարածում ունեցող «այսպես կոչված ցեղասպանություն» և «1915-ի դեպքեր» եզրույթները: «Սյոզջու»-ն մեղադրել է Մակրոնին Twitter-ի միջոցով «սենսացիոն և սադրիչ» հրապարակումներ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նմանվելու փորձի համար:
SonDakika կայքն ուշադրություն է հրավիրել Մակրոնի հայտարարության այն հատվածի վրա, որտեղ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ իր որոշման մասին նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական լրատվամիջոցները հիմնականում մեջբերել են Մակրոնի խոսքերն Անկարայի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության, ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հակամարտության ու մարդու իրավունքների և ազատությունների հարցում Թուրքիայի հետ որոշ տարակարծությունների մասին:
Թեմային անդրադարձել են նաև «Յենիչաղ», «Աքշամ», «Սթար» պարբերականները, gazeteduvar.com.tr, haberler.com, bursahaber.com, gercekgundem.com կայքերն ու այլ լրատվամիջոցներ:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - ասել է Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Իր որոշման մասին Մակրոնը հայտնել էր նաև Twitter-ի իր պաշտոնական էջում: