ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում (State of Union) անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին, հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ սպասվելիք հանդիպմանը: The Guardian-ը գրում է, որ նախագահը դիմել է Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները, համագործակցել ու ԱՄՆ-ն ապահով վայր դարձնելու նպատակով չխոչընդոտել պատի կառուցմանը:
«Պատն աշխատող տարբերակ է: Պատերը մարդկային կյանքեր են փրկում: Ուստի՝ եկեք միասին աշխատենք, փոխզիջման գանք ու կնքենք այնպիսի համաձայնություն, որի շնորհիվ Ամերիկան իսկապես ապահով վայր կդառնա»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ կհասնի պատի կառուցմանը:
Թրամփն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ում սոցիալիզմի անցնելու վերաբերյալ հնչող կոչերի առնչությամբ: «Ամերիկան հիմնվել է ազատության և անկախության, ոչ թե բռնատիրության, գերիշխման ու վերահսկման սկզբունքների վրա: Մենք ծնվել ենք ազատ ու ազատ էլ կմնանք: Ամերիկան երեբեք սոցիալիստական երկիր չի լինի»,-հայտարարել է նախագահը:
Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցություններին` Թրամփը մանրամասնել է. «Եթե ես ԱՄՆ նախագահ չընտրվեի, իմ կարծիքով՝ հիմա մենք մեծ պատերազմի մեջ կլինեինք Հյուսիսային Կորեայի հետ ու, հավանաբար, միլիոնավոր զոհեր կլինեին: Դեռևս անելու շատ բան կա, բայց Կիմ Չեն Ինի հետ իմ հարաբերությունները լավ են: Ես ու Կիմը կրկին կհանդիպենք փետրվարի 27-28-ին՝ Վիետնամում»:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայությանը՝ նախագահը վերահաստատել է Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու ու Աֆղանստանում պատերազմին վերջ տալու մտադրությունները: «Մեր քաջ զինվորներն արդեն 19 տարի կռվում են Մերձավոր Արևելքում, ու այդ ընթացքում ԱՄՆ-ն ծախսել է 7 տրլն դոլար: Որպես նախագահի թեկնածու՝ խոստացել էի, որ այլևս չեն լինի անվերջանալի պատերազմներ»,-ասել է նախագահը:
Թրամփն անդրադարձել է նաև 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով աղմկահարույց հետաքննությանը՝ որակելով «ծիծաղելի խոչընդոտ»: «Եթե կարելի է խաղաղություն ու օրենքի գերակայություն ունենալ, ինչո՞ւ լինի պատերազմ ու հետաքննություն: Մենք պետք է տանը միասնական լինենք, որ կարողանանք հաղթել դրսի թշնամիներին»,-ասել է Թրամփը, որ բազմիցս հերքել է ընտրություններում հօգուտ հաղթանակի ռուսական կողմի հետ իր համագործակցությունը: Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ռուսական կողմի հետ հնարավոր է նմանատիպ նոր համաձայնագրի կնքում: «Տասնամյակներ առաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել, որով մենք համաձայնել ենք սահմանափակել ու նվազեցնել մեր հրթիռային հնարավորությունները: Մինչ մենք լիարժեք կատարում էինք փաստաթղթի շրջանակում մեր պարտավորությունները, Ռուսաստանը բազմիցս խախտել է դրա դրույթները»,-նշել է Թրամփը՝ մանրամասնելով, որ այդ պատճառով է ԱՄՆ-ն դուրս եկել համաձայնագրից: