Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին հայտարարել է՝ ԵՄ երկրները բրեկզիտի հարցով նոր առաջարկներ չունեն: Տուսկը հիշեցրել է՝ Մեծ Բրիտանիային մնացել է ընդամենը 50 օր ԵՄ-ից հեռանալու համար:
«Ներկա պահին ամենակարևոր խնդիրն է թույլ չտալ առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը: Ես ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ ԵՄ 27 երկրների դիրքորոշումը հստակ արտահայտված է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համաձայնեցված փաստաթղթերում», - հայտարարել է Տուսկը Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ Բրյուսելում համատեղ ասուլիսի ժամանակ:
Դոնալդ Տուսկի հայտարարությունները հնչում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման նախաշեմին: Բրյուսելում շարունակում են պնդել, որ Բրիտանիայում ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի պատճառ դարձած համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ անցկացնելու որևէ ցանկություն չունեն: Դոնալդ Տուսկը նաև հեգնել է. «Հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի դժոխքում հատուկ վայրը այն մարդկանց համար, որ բրեկզիտ են իրականացնում առանց գործողությունների պլանի»: Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ Մեյից կառուցողական առաջարկներ կլսի փակուղուց դուրս գալու հարցով: