Ֆրանսիան Իտալիայի իշխանություններին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ և խորհրդակցությունների համար հետ է կանչել Հռոմից իր դեսպանին: «Մի քանի ամիս շարունակ Ֆրանսիան հայտնվել էր անհիմն ու պարբերական հարձակումների թիրախում», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ-ն՝ ընդգծելով, որ Հռոմի այդ պահվածքն աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Հայտարարությունից երկու օր առաջ Իտալիայի փոխվարչապետ, պոպուլիստական «5 աստղերի շարժման» առաջնորդ Լուիջի դի Մայոն Փարիզում հանդիպել էր «դեղին ժիլետների» ակտիվիստներին, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Իտալիայի կառավարության փոխվարչապետը՝ Մատտեո Սալվինին էլ շարունակ քննադատում է Ֆրանսիայի իշխանություններին ու նախագահ Մակրոնին՝ ներգաղթյալների հարցում, իր համոզմամբ, ծայրահեղ ազատական քաղաքականության համար: