Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ` նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործով դատախազը։ Ըստ դատախազի` Քոչարյանը ներկա է եղել այսօրվա նիստին։
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի որոշումը քաղաքական որակեց՝ նշելով՝ «կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում»։
«Էս գործով մեզ համար ամեն ինչ սպասելի է։ Էս որոշումը գնահատում եմ բացասական և համարում եմ որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Էս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է՝ քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած, իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի, - ասաց Ալումյանը: - Պրոցեսն ընթանում էր հավասարության սկզբունքի հիման վրա, որոշումը իրավաբանության հետ որևէ առնչություն չունեցող որոշում է, որովհետև որևէ անաչառ իրավաբան, եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն մի 10 հիմք կգտներ, որոնց միջոցով Քոչարյանն ազատ կարձակվեր»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ալումյանն ասաց, որ նիստից հետո Քոչարյանի հետ զրուցել են, նա համոզմունք է հայտնել, որ «էս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման»։
Փաստաբանի խոսքով՝ որոշումը բողոքարկվելու է։ «Հերթական բողոքն է գնալու Եվրոպական դատարան, զուգահեռ՝ Վճռաբեկ դատարան», - ասաց Ալումյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ավարտվել է փետրվարի 4-ին։ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանի կալանքը: