Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը մեկնաբանել է իր նշանակման հարցում վերջին զարգացումները՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում իր հետ հանդիպման խնդրանքին:
«Գործընթացը ոչ մի կերպ առաջ չի գնում, դեռևս ոչ մի տեղաշարժ: Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը դեռևս չի կայացել: Ես առաջարկ եմ ուղարկել հանդիպելու ցանկացած հարմար պահի, բայց դեռ պատասխան չեմ ստացել: ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն աջակցություն են հայտնել Բելառուսի թեկնածուին», - Մինսկում լրագրողներին ասել է Զասը: Պատասխանելով հարցին, թե որոշումը կարող է կայացվել առանց Հայաստանի համաձայնության, Զասը պատախանել է. «ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված է որոշման ընդունումը սահմանափակ կազմով, սակայն դա լավագույն տարբերակը չէ, իհարկե: Նման որոշումները պետք է ընդունվեն համաձայնությամբ: Դա նորմալ, անխափան աշխատանքի գրավականն է»: