Կառավարությունն այսօր արտահերթ նիստում ընդունեց հնգամյա ծրագիրն ու ուղարկեց Աժ՝ հաստատման։ Նախքան քվեարկությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է։
«Կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը՝ ստեղծել հնարավորություններ և մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որ նրանք օգտվեն այդ հնարավորություններից, և կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի և ոչ թե դեկլարատիվ», - ասաց Փաշինյանը։