Իսրայելական The Jerusalem Post-ը հրապարակել է ուշագրավ հոդված` ներկայացնելով երկրին բնորոշ երևույթներ, որ պետք է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 6 կետից բաղկացած ցանկում ներառված է Երուսաղեմի հայկական բրուտագործական արտադրանքը:
«1922 թվականից սկսած հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված պարագա էր Երուսաղեմում: Դրանց բուսական և կենդանական թեմատիկայով դիզայնը դարձել է Երուսաղեմի արհեստների այցեքարտը»,-նշվում է հոդվածում:
Իսրայելի մշակութային բազմազանությունը՝ ի դեմս հայ համայնքի, պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Պարբերականն առաջարկել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառել կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվող շոֆար գործիքը, Թորայի ընթերցումը, եբրայերենով ժամանակակից պոեզիան, իսրայելական ժողովրդական պարերը, դրուզների «Խամիր» հարսանեկան ծեսը: