Փետրվարի 8-ին Տալլինում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Զրուցակիցները քննարկել են հայ-էստոնական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և առևտրատնտեսական բաղադրիչը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Էստոնիայի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրամիության գործընկերության շուրջ: Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը խորհրդանշական է համարել այցն Էստոնիա՝ որպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացրած ԵՄ երկիր:
ԱԳ նախարարը հավելել է, որ ՀՀ-ի և ԵՄ գործընկերության նոր իրավական հիմք հանդիսացող ՀԳԸՀ-ը նաև կարևոր գործիք է կառավարության զարգացման օրակարգն առաջ մղելու համար: ԱԳ նախարարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռբերումներին և զուգահեռներ անցկացնելով այս ոլորտում Էստոնիայի փորձի հետ՝ Զոհրաբ Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ միասնական աշխատանքի և համատեղ նախաձեռնութունների շնորհիվ հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր: Նա զրուցակցին ներկայացրել է 2019-ին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը: