Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Artsakhpress.am-ի հետ զրույցում ասել է, որ 2020թ. նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում։
«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը», - ասել է Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքով՝ մասնակցելով 2012-ին նախագահական, 2015-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են: «Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն անկասկած կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին», - ասել է Վիտալի Բալասանյանը: