«Ես բազմիցս հայտարարել եմ և հիմա էլ կարող եմ հայտարարել, քանի ռեկտոր է նոր նշանակվել, ես նրանց բոլորին ճանաչել եմ մինչև նշանակվելը, մեկ-երկու ժամ առաջ»,- Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին, թե հովանավորում է Ագրարային համալսարանի ռեկտորին: Ասաց, որ հովանավորյալներ չունի. «Մենք չենք եկել իշխանության, որպեսզի յուրայիններին աշխատանքի տեղավորենք, մենք եկել ենք արդյունք ապահովելու: Եվ սուտ են բոլոր պնդումները, որ մենք մեր հովանավորյալներին բերում ենք»,- ասաց նա: Արայիկ Հարությունյանը ասաց, որ իրենք ժամանակին զորակցություն էին հայտնել Մարուքյանին ու մյուսներին, չնայած նրանք հեղափոխության ժամանակ խայտառակ դիրքորոշումներ էին հայտնել: «Իհարկե, նրանց արածը հեղափոխական ընդհանուր ֆոնին խայտառակություն էր, երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին ձերբակալում էին, և Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչներն անմիջապես Ֆեյսբուքում սկսում են արշավ: Այսինքն՝ հեղափոխությունն ամենաթեժ փուլում էր և պետք է հաջողությամբ ավարտվեր, մարդիկ փորձում էին շեղել: Բայց մենք սրան մեծ ուշադրություն չդարձրեցինք, ի վերջո նրանք եղել են մեր գործընկերները: Կամ Մանե Թանդիլյանը հաթաթաներ էր տալիս, ասում էր՝ այ ես ապրիլի 17-ին կասեմ, երբ որ դուք չհասնեք հաջողության»,- ասաց Արայիկ Հարությունյանը: