«Անհանդուրժոող ելույթ էր քննադատությանը և ընդհանրապես ընդդիմություն ունենալուն: Ընդդիմության առկայության վերաբերյալ տոտալ անհանդուրժող վերաբերմունք է, որն ըստ էության նաև խրախուսվեց վարչապետի ելույթով»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այն, որ Նիկոլ Փաշինյանն իրենց մեղադրեց Սերժ Սարգսյանին պաշտպանելու մեջ, Մարուքյանը մեկնաբանեց. «Մանիպուլացվեց, որ իբր մենք ուզում ենք արդարացնենք Սերժ Սարգսյանին: Ես պատմական էքսկուրս էի կատարել և ասել, որ միշտ մեղավոր է եղել երկրի առաջին դեմքը: Բայց եղել է հեղափոխություն, և հեղափոխության լիդերն ասում է՝ էլ առաջին դեմքը մեղավոր չի լինելու, մեղավոր է լինելու մարդը, ով չի նախաձեռնել, քայլ չի արել: Իմ ելույթը դրա մասին էր, բայց նա մանիպուլացրեց»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Վատիկանի դրոշը հիշատակելուն, Մարուքյանն ասաց. «Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել է, հետևաբար, այդ դրոշը կարող են տանել դնել իրենց գրասենյակների առաջ: Այդ ակնարկները մենք 800 տարի է՝ հերքում ենք»,- ասաց նա: Նա ասաց, որ իրենք հեղափոխության գործում իրենց ներդրումն են ունեցել, բայց այսօր ուրացման գործընթաց է գնում: