Աժ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակացության պատգամավոր Լենա Նազարյանի համար անհասկանալի է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոնի Մարուքյանի հայտարարությունը, թե կառավարության ծրագրի քննարկումները ցույց տվեցին, որ այսօրվա իշխանությունը անհանդուրժող է ընդդիմության նկատմամբ: Հակադարձելով Մարուքյանին՝ Լենա Նազարյանը շեշտեց, որ բոլոր պատգամավորները հնարավորություն են ունեցել հնչեցնել իրենց հարցերը և պատասխաններ ստանալ․ «Դժվար է պաշտպանվել և ինչ-որ բան ասել, երբ պարզապես ասում են անհանդուրժող ես: Բայց ինչպե՞ս է դա դրսևորվում․․․ Բոլոր ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնելու և հանգամանալից պատասխան ստանալու: Ինչպե՞ս դրսևորվեց այդ անհանդուրժողականությունը կամ մուննաթը, որի մասին այդքան խոսում են: Ինձ համար անհասկանալի է իսկապես»:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցներում ահազանգեց՝ կառավարության ծրագրից քննարկումից հետո իրենք ատելության խոսքի հարձակման են ենթարկվում: Մարուքյանը շեշտեց, որ չէին սպասում, թե ընդդիմադիր խոսքը իշխանության կողմից կարող է վերածվել թրոլինգի, ծաղրի, որոշ դեպքերում` սպառնալիքների:
«Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք ա ասեն չի եղել: Հո չե՞ն ընդունելու իրենց սխալները: Սպառնալիք․․․ նկատի ունեմ և՛ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, և՛ որոշ խոսքեր, որ մեզ են ուղղվել: Կարծում եմ, իրենք գիտեն, թե որն էր սպառնալիք, որը չէ: Մեզ ասել, թե ինչ ասենք, ինչ չասենք․․․ էդ կոնտեքստում կարող եմ ասել: Եվ մյուս հանգամանքը, որ եթե կարծում են, որ շատ սիրալիր, շատ հանդուրժող էին իրանք, տենց շատ լավ էին․․․ այսինքն Նոր Հայաստանը նրանով ա լավը, որ կարողանում ենք հարցե՞ր տանք: Նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տա, հենց ուզեցել ա հարց տա, եկել են ծեծել են․․․ Սիրելի գործընկերներ, մի տասը տարի, տասնհինգ տարի ստեղ լուսաբանում եք: Էղե՞լ ա դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տա: Եթե դա պրոգրես ա ստեղ արձանագրվում, ես ապշած եմ: Դա մեկ: Երկրորդը, որ վերջում էկան ասեցին ընդդիմությունը կարողացավ ազատորեն դեմ քվեարկի: Ի՞նչ պետք ա անեին: Թևերներս կապելու էին, գցեին մի տեղ, որ չկարողանա՞նք քվեարկել: Եթե դրանք ա պրոգրես արձանագրվելու, ես ցավում եմ»: Մարուքյանը նաև նշեց, թե կառավարության ծրագրին դեմ քվեարկելուց հետո հարձակման են ենթարակվել նաև իշխանական մամուլի կողմից՝ իրենց կապելով նախկին ռեժիմի հետ:
«Սա է Նոր Հայաստանը», - հարցեց Էդմոն Մարուքյանը: - «Հայկական ժամանակ» թերթը խմբագրական ա հրապարակել: Ամբողջ վերլուծությունն էն մասին ա, որ մենք որ դեմ ենք քվեարկել, ու մենք մենք ռոբերտքոչարյանա-սերժսարգսյանա չգիտեմ ինչ բաների մեջ ենք: Գիտենք չէ՞ ումն ա էդ թերթը: Երկրորդ փաստը․ «Ժողովուրդ» թերթը գիտենք չէ՞ ումն ա: Կարա՞մ ասեմ իշխանական թերթ ա: «ժողովուրդ» թերթը տպել ա, ասում ա՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները գնում են Արմեն Սարգսյանի մոտ, հանդիպումներ ունենում և․․․ արդեն Արմեն Սարգսյանն ա հովանավորում: Միշիկից պրծանք, Սաշիկից պրծանք, Սերժիկից պրծանք, հիմի էլ Արմեն Սարգսյանն էկավ: Այսինքն, եթե «Հայկական ժամանակ» նման բան ա գրում, հետո ֆեյսբուքյան օգտատերերից ի՞նչ նեղանամ, որ մեզ քրֆում են: Է՞ս ա Նոր Հայաստանը․․․ Մենք ամեն ինչ անելու ենք, ու թող ոչ մեկ չներվայնանա, որ մենք հեղափոխության արժեքներին տեր ենք կանգնում կամ ասում ենք էս արժեքը խախտվում ա: Ընդդիմության դերը ո՞րն ա, ընդդիմությունը բա ի՞նչ պետք ա անի: Սանկա՞ քշեն, ի՞նչ անենք»:
Մարուքյանը խորհուրդ տվեց իշխանությանը ձերբազատվել այդ մարտավարությունից, երբ իրենց կապում են ատելի կերպարների հետո, որպեսզի հանրությանն իրենց դեմ տրամադրեն՝ հիշեցնելով, որ այդ երևույթի միջով ժամանակին նաև միասին են անցել. «Մինչև դաշինքը («Ելք») ստեղծելն ենք առանձին-առանձին բոլորս ծախված էղել, հետո դաշինքով ենք իրար հետ ծախված տականքների խումբ էղել, հետո նորից մենք ծախված տականքների խումբ ենք, իրանք չէ․․․ Էդ պրոցեսները մենք տեսել ենք: Հիմա նորից հետո գալ էդ բաներին․․․ Ես հույս ունեի, որ ավարտվել ա, բայց ոնց որ չի ավարտվել, ոնց որ չի ավարտվում: Եվ մենք էլ տենց բան չենք, որ մեզ հարվածեն, մնա անպատասխան: Չի լինելու այդպիսի բան»: