ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային Ժողովին ուղերձում անդրադառնալով 1987-ին ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու պայմանագիրը չեղարկելուն, ասել է, որ եթե ԱՄՆ-ն Եվրոպայում հրթիռներ տեղակայի, Ռուսաստանի հրթիռների թիրախում կլինեն ոչ միայն այդ հրթիռները տեղակայած երկրները, այլև` ԱՄՆ-ը:
Նա խոստացել է, որ առաջինը Ռուսաստանը չի տեղակայի հրթիռներ Եվրոպայում: Ուղերձում Պուտինն ասել, որ Ռուսաստանը շարունակելու է զարգացնել սպառազինությունները, այդ թվում միջուկային ռազմավարական հրթիռների ծրագրերը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի պատրանքներից, թե կարող է ռազմական առավելություն ունենալ Ռուսաստանի հանդեպ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նա ասել է, թե Ռուսաստանը սպառնալիք չէ ԱՄՆ-ի համար, այլ ցանկանում է լիարժեք, հավասար ու բարեկամական հարաբերություններ ԱՄՆ-ի հետ: «Ռուսաստանը չի թակի փակ դուռը, այլ կսպասի, որ գործընկերները հասունանան երկխոսության համար»,- նշել է նա: Իր ելույթի առաջին մեկ ժամում Պուտինը խոսել է միայն սոցիալական հարցերից, խոստանալով, որ այս տարի ռուսաստանցիները դրական փոփոխություններ կզգան:
Ռուսաստանում դժգոհ են թոշակի անցնելու տարիքը երկարաձգելու իշխանությունների կատարած քայլից, որի դեմ վերջին մեկ տարում բողոքի բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել ամբողջ երկրով մեկ: