Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, նախօրեին Ստամբուլում Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ օտարերկրյա նախարարների և պատվիրակության ղեկավարների ներկայությամբ խոսելով միգրացիայի խնդրի և սիրիացի ներգաղթյալների մասին, անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայերին:
Նշելով, որ այսօր Թուրքիայում 4 միլիոն փախստական է բնակվում, որոնցից 3,6 միլիոնը սիրիացիներ են, Էրդողանը հայտարարել է. «2011-ից մինչ օրս Սիրիայում շարունակվող բախումների ընթացքում մեր երկրում ապաստանած որևէ մեկին ստիպողաբար հետ չենք ուղարկել: Մենք արամեացիներին հետ չենք ուղարկել, քրիստոնյաներին ևս: Մյուս կողմից էլ՝ հայերին հետ չենք ուղարկել: Այժմ Թուրքիայում 100 հազար հայ է ապրում, որից 40 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Մյուսները քաղաքացի չեն, սակայն մենք նրանց հետ չենք ուղարկում: Ինչո՞ւ են նրանք Թուրքիա եկել՝ իրենց երկրում դժվարությունների պատճառով»:
Անդրադառնալով ցեղասպանության հարցին՝ Թուրքիայի նախագահը ասել է, որ թուրք ժողովուրդը երբևէ ոչ մի էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի գործել. «Այսօր աշխարհում, հատկապես Արևմուտքում, այսպես կոչված Հայոց ցեղասպանության թեմայով որոշակի քարոզչություն է արվում: Մենք էլ ասում ենք, որ դա պատմաբանների գործն է: Թող պատմաբանները այդ հարցն ուսումնասիրեն և լուծման հանգեն: Մեր ողջ գոյության, պատմության ընթացքում այս ժողովուրդը երբեք ոչ մի էթնիկ տարրի նկատմամբ ցեղասպանություն չի արել»: