Հետաքննող լրագրողներին միավորող «Проект Медиа» մեդիահարթակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի ահռելի կարողության այն հատվածին, որ գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս:
Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, 9 տարեկանում դարձել է Ռուսաստանի Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող լյուքս դասի փակ բնակավայրերից մեկում՝ «Մայենդորֆ պարտեզներ»-ում շքեղ առանձնատան սեփականատեր` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի տան կողքին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական նստավայրը 10 կմ հեռավորության վրա է: Այս բնակավայրում վաճառվող տներն ամենաթանկն են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում:
Ալիևների տունը գտնվում է 20 մ բարձրությամբ ծառերի հետևում ու քողարկված է օտար աչքից: Ընտանիքի անձնական թիկնազորը բնակվում է հատուկ թիկնապահների համար կառուցված տանը: Հեյդար Ալիև կրտսերին պատկանող տարածքի ընդհանուր մակերեսը 7000 քմ է, իսկ տան մակերեսը՝ 1600 քմ:
Տունն ու կից հողակտորը թոռանն է նվիրել Ալիևի աները՝ ֆիզիկոս, գիտնական Արիֆ Փաշաևը: Սկզբում անշարժ գույքը նրա անունով է գրանցված եղել, գնումից մեկ տարի անց նա թոռանը շքեղ նվեր է մատուցել: Թեև անշարժ գույքի գինը ճշտել հնարավոր չէ, սակայն նույն տեղանքում նմանատիպ տների գինը մոտ 35 մլն դոլար է: «Մայենդորֆի պարտեզներ»-ը կարելի է համարել Ալիևների ընտանեկան բույնը. եղբոր տնից ոչ հեռու է նախագահի ավագ դստեր՝ Լեյլա Ալիևայի տունը (7 700 քմ մակերեսով): Լեյլա Ալիևան, ինչպես և իր եղբայրը, նման թանկարժեք անշարժ գույքի սեփականատեր է դարձել շատ երիտասարդ տարիքում՝ 20 տարեկանում:
2009-ին, երբ Հեյդար Ալիևը ընդամենը 11 տարեկան էր, դարձել է Դուբայում կառուցված 9 առանձնատան սեփականատեր: Այն ժամանակ դրանց ընդհանուր արժեքը գնահատվել է 44 մլն դոլար: Հետաքննող լրագրողները (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ՝ OCCRP) պարզել են, որ նախագահական ընտանիքի անդամներն օֆշորներում թաքցված ընկերություններ, շքեղ անշարժ գույք և նույնիսկ ոսկու հանքեր ունեն:
Փաշաևների ընտանիքին է պատկանում Ալիևների բազմաթիվ ակտիվները միավորող Pasha Holding կորպորացիան: Փաստաթղթերի համաձայն՝ Pasha Holding-ի հետևում կանգնած են նախագահի երկու դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները: Երկու ընտանիքն էլ անշարժ գույք ունի արտասահմանում: Ավելի վաղ լրագրողների հետաքննության արդյունքում պարզվել էր, որ Արիֆ Փաշաևին է պատկանում RETRO-INTER ընկերությունը, որը Չեխիայում անշարժ գույքի մի շարք օբյեկտների սեփականատեր է: Նրա թոռնուհու՝ Արզու Ալիևայի ընկերությունը Չեխիայում ունի 1 մլն եվրո արժողությամբ էլիտար առանձնատուն: Ալիևներն անշարժ գույք՝ այդ թվում 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունեն Լոնդոնում:
Ընտանեկան բիզնեսում առանձնահատուկ դերակատարում ունի առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան, նրա անունն ավելի վաղ շրջանառվում էր «Պանամայի արխիվի» օֆշորային սկանդալում: Ալիևն ու կինը բնակարան ունեն մոսկովյան հեղինակավոր թաղամասերից մեկում: Դրա մակերեսը 136 քմ է, և այն, հավանաբար, գնահատվում է 1,5 մլն դոլար: