Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ և արտաքսում է կոլումբիացի դիվանագետների մի մասին, հաղորդում է Reuters-ը: Մադուրոյի խոսքով՝ ինքը երկար է համբերել հանուն կոլումբիացի ժողովրդի, որն ապրում է իրենց հետ, սակայն որոշել է խզել դիվանագիտական ու քաղաքական հարաբերություններն այդ երկրի հետ:
«Համբերությունը սպառվել է, դա այլևս չի կարող շարունակվել, մենք այլևս չենք կարող հաշտվել, որ Կոլումբիայի տարածքն օգտագործվում է Վենեսուելայի վրա հարձակումներ գործելու համար», - հայտարարել է Մադուրոն՝ նշելով, որ ստիպված է խզել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները Կոլումբիայի «ֆաշիստական» կառավարության հետ: Նա ընդգծել է, որ կոլումբիական դիվանագիտական առաքելությունը կլքի Վենեսուելան 24 ժամվա ընթացքում: