«Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներ է անցկացնում կուսակիցների հետ ներքին տարաձայնությունների շուրջ, որոնց հետևանքով իշխող ուժն արդեն կորցրել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը: 3պատգամավորներ՝ Էկա Բեսելիան, Գոդևան Փոփխաձեն ու Լևան Գոգիաշվիլին հայտարարեցին կուսակցությունից հեռանալու մասին: «Մենք կորցրել ենք երկխոսության բոլոր հնարավորությունները, - բացատրեց Էկա Բեսելիան՝ վրացական խորհրդարանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: -Դժվար է հեռանալ մի կուսակցությունից, որն ինքս եմ ստեղծել՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն, ցավոք, մեր ճանապարհները բաժանվեցին: Ես գնում եմ այնտեղ, ուր Վրաստանի մեծամասնությունն է և պատրաստվում եմ շարունակել պայքարն այն մարդկանց հետ, որ հավատարիմ են մնում արդարության և ժողովրդավարության սկզբունքներին»: Տարաձայնությունները սկսվեցին անցած տարեվերջին, երբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց դատավորների 10 թեկնածուների ցուցակ: Էկա Բեսելիան պնդեց՝ ցանկում ներառված թեկնածուներից մի քանիսն աշխատել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և դատավճիռներ կայացրել նրա քաղաքական պատվերով: Ի նշան բողոքի, Բեսելիան հրաժարական տվեց Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Կուսակիցներն այս քայլը բնորոշեցին դեմարշ, Բիձինա Իվանիշվիլին նրան մեղադրեց կուսակցական կարգապահությունը խախտելու մեջ: Վեճը չավարտվեց. ամիսներ անց Բեսելիան համախոհների հետ խորհրդարան բերեց մի օրինագիծ, որն առաջարկում է 5 տարով սառեցնել դատավորների անժամկետ նշանակման դրույթը:
«Սա թույլ կտա առողջացնել դատական համակարգը», - հայտարարում էր օրինագծի համահեղինակ Կոբա Նարչեմաշվիլին: «Անցումային ժողովրդավարություն ունեցող երկրներում դատավորների ցմահ նշանակումը որոշակի ռիսկեր է պարունակում: Հաշվի առնելով՝ ինչ է հիմա կատարվում մեր երկրում, ուզում ենք հետաձգել այդ դրույթի իրագործումը, մինչև երկրում վերջնականապես կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները: Կոչ ենք անում այս առաջարկը դիտարկել հենց իրավական, ոչ թե քաղաքական հարթությունում», - ասում էր Նարչեմաշվիլին:
«Վրացական երազանք»-ը կուսակիցների առաջարկը չպաշտպանեց: Խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն պնդեց՝ դատավորների անժամկետ նշանակումը սահմանադրությամբ է ամրագրված: Ի նշան բողոքի, օրինագծի հեղինակ 9 պատգամավորներից 3 հայտարարեցին կուսակցությունից հեռանալու մասին: