Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գողության փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 24-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Հռիփսիմե Հակոբյանը և հայտնել, որ փետրվարի 23-ին, այցելելով Արշալույս գյուղի 17-րդ փողոցում գտնվող իր առանձնատուն, հայտնաբերել է առաջին հարկի խոհանոցի պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրած, այնուհետև մտնելով ներս, տեսել է, որ տունը տակնուվրա է արած: Հ. Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տան սենյակներից գողացել են տարբեր իրեր, առարկաներ, բնանկարներ և այլ թանկարժեք ապրանքներ: Նրանք գողացել են նաև ամուսնուն՝ 40-ամյա Կարեն Գրիգորյանին պատկանող հագուստը, ինչպես նաև «Վինչեստեր» հրացանը ՝ պատյանի և փաստաթղթերի հետ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը: