Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ խոսել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններից:
ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանի նախագահն իր առաջին այցը կատարում է Ռուսաստան: Փետրվարի 27-ին Աժ նախագահը ելույթ է ունենալու Դաշնության խորհրդի լիագումար նիստում: Մատվիենկոյի խոսքով, առաջին անգամ է Հայաստանի խորհրդարանի նախագահին նման հնարավորություն է ընձեռվել:
Երեկվա հանդիպմանը ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը անդրադարձել է հայաստանյան հեղափոխությանը՝ ընդգծելով, որ անցած տարվա ապրիլի զարգացումները հայ ժողովրդի ընտրությունն է, և Ռուսաստանի համար կարևոր էր, որ այդ իրադարձություններն անցել են Հայաստանի օրենքներին համապատասխան և ունեցել են խաղաղ բնույթ: Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան: ԱԺ նախագահն ընդգծել է՝ խորհրդարանի 3 խմբակցություններն էլ համարում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը պետք է շարունակական լինի: